Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երկրում հավատարմագրված դիվանագետների առջև ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն ուղղված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի պատրաստակամության մասին, հաղորդում է IRNA-ն։
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք լիովին վստահ ենք մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցում և որևէ խնդիր չունենք այդ վստահությունն աշխարհին ապացուցելու հարցում, ինչպես դա արեցինք 2015 թվականի միջուկային գործարքում։ Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որն ուղղված է Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն, քանի որ մենք սկզբունքորեն համոզված ենք, որ միջուկային զենքը պետք է արգելվի։
Բայց եթե համաձայնագրի նպատակը Իրանին իր օրինական միջուկային իրավունքներից զրկելն է, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման համաձայնագրի»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Ըստ նրա, Իրանը հենց այս տրամաբանությամբ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ և մասնակցել հինգ փուլի։
«Վեցերորդ փուլում մենք պետք է ամերիկյան կողմին ներկայացնեինք հնարավոր համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկը։ Նախորդ փուլում ամերիկյան առաջարկը որոշ թերություններ ուներ և մեզ համար անընդունելի էր։ Մենք ներկայացրել ենք մեր տեսակետները և պատրաստել պատասխան առաջարկ, որը պետք է ներկայացվեր այսօր։
Մեր կարծիքով, այս առաջարկը կարող էր ճանապարհ հարթել համաձայնության հասնելու համար։ Լիովին ակնհայտ է, որ սիոնիստական ռեժիմը ոչ միայն չի ցանկանում որևէ համաձայնագիր միջուկային խնդրի շուրջ, այլև դեմ է բանակցություններին և դիվանագիտությանը։ Իրանի դեմ ագրեսիան միջուկային բանակցությունների թեժ պահին ապացույցն է այն բանի, որ սիոնիստական ռեժիմը դեմ է ցանկացած բանակցության»,- նշել է Աբբաս Արաղչին։