Ոստիկանությունը հայտնել է, որ Կոլումբիայի հարավում շաբաթ օրը ձերբակալված կինը կասկածվում է նախագահի թեկնածու Միգել Ուրիբեի դեմ մահափորձին մասնակցության մեջ, հաղորդում է AFP-ն։
39-ամյա պահպանողական սենատոր Ուրիբեն հունիսի 7-ին Բոգոտայի արևմտյան հատվածում գտնվող այգում ելույթի ժամանակ երկու անգամ վիրավորվել է գլխից, մեկ անգամ՝ ոտքից։
Ենթադրյալ հրաձիգը՝ 15-ամյա դեռահասը, և նրա հանցակիցը, որը մեղադրվում է հարձակման «լոգիստիկային» մասնակցելու մեջ, արդեն ձերբակալված են։
Շաբաթ օրը ոստիկանության աղբյուրը AFP գործակալությանը հայտնել է հարձակմանը մասնակցության մեջ կասկածվող կնոջ մասին, որը ձերբակալվել է Ամազոնի Կակետա շրջանում։ Մյուս երկու ձերբակալվածները, որոնք պահվում են դատախազության բունկերում՝ ուժեղացված հսկողության ներքո, մեղադրվում են սպանության և զենք կրելու մեջ։ Ենթադրյալ հրաձիգ ճանաչված անչափահասը երեքշաբթի օրը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Ըստ կոլումբիական Semana ամսագրում շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության, նա ասել է, որ իրեն 20 միլիոն պեսո (ավելի քան 4800 դոլար) են առաջարկել քաղաքական գործչին սպանելու համար։
El Tiempo թերթը նույնպես հայտնել է, որ մեղադրյալներից մեկը որպես հանցագործության ենթադրյալ կազմակերպիչ նշել է մի հանցագործի, որն ապրում է Էկվադորում և վերահսկում է Բոգոտայում թմրանյութերի վաճառքը։
Ուրիբեն մնում է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում, թեև, ինչպես չորեքշաբթի հայտնել են բժիշկները, նախորդ շաբաթ նրա մոտ բարելավման որոշ նշաններ են նկատվել։