Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են անհապաղ բանակցություններ վարել Իրանի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածությունը թուլացնելու նպատակով, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հաղորդում է Reuters-ը։

Վադեֆուլը, որն այցով գտնվում է Մերձավոր Արևելքում, հայտարարել է, որ փորձում է իր ներդրումն ունենալ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դեէսկալացիայի գործում՝ նշելով, որ Թեհրանը նախկինում չի օգտվել կառուցողական բանակցությունների հնարավորությունից։

«Հուսով եմ, որ դա դեռ հնարավոր է,- շաբաթ ուշ երեկոյան գերմանական ARD հանրային հեռուստաալիքին ասել է Վադեֆուլը։- Գերմանիան՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, պատրաստ է։ Մենք Իրանին առաջարկում ենք անհապաղ բանակցություններ միջուկային ծրագրի շուրջ, հուսով եմ, որ առաջարկը կընդունվի»։ «Սա նաև այս հակամարտության խաղաղեցմանը հասնելու առանցքային նախապայման է, որպեսզի Իրանը վտանգ չներկայացնի տարածաշրջանի, Իսրայել պետության կամ Եվրոպայի համար»,- հավելել է նա։

Վադեֆուլը, որը կիրակի օրը գտնվում է Օմանում, հայտարարել է, որ հակամարտությունը կդադարեցվի միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերից ազդեցություն գործադրվի Իրանի և Իսրայելի վրա։

«Մենք բոլորս ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթվա ընթացքում երկու կողմերն էլ պետք է լուրջ ջանքեր գործադրեն՝ բռնության պարույրը կոտրելու համար»,- ասել է նա։ Երբ նրան հարցրել են՝ հավատո՞ւմ է արդյոք, որ Իրանի կառավարությունը կարող է տապալվել, նա ասել է, որ, իր ենթադրությամբ, Իսրայելը մտադիր չի եղել տապալել Թեհրանի վարչակազմը։