Մինեսոտայի նահանգային օրենսդիր մարմնի անդամների սպանության և հարձակման մեջ կասկածվող Վենս Բոելտերը հարձակման 70 հավանական թիրախներից բաղկացած ցուցակ ուներ: Այս մասին հայտնել է The New York Times (NYT)-ը:
Ըստ թերթի՝ Բոելտերի մոտ հայտնաբերվել է տետր, որում գրված էին քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, գործարարների անունները, ինչպես նաև ընտանիքի պլանավորման կենտրոնների մասին տեղեկություններ: Ցուցակում ընդգրկված որոշ մարդիկ ապրում են այլ նահանգներում:
Ըստ իրավապահ մարմինների պաշտոնյաների՝ ցուցակում ներառված էին Մինեսոտայի օրենսդիր մարմնի առնվազն երեք անդամ, ինչպես նաև նահանգի գլխավոր դատախազը: Թիրախների թվում էին նաև աբորտներ կատարող կլինիկաներ:
Ավելի վաղ ոստիկանությունը Բոելտերին ձերբակալել էր Գրին Այլ քաղաքում: Նա կասկածվում է նահանգային օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Մելիսա Հորթմանի և նրա ամուսնու սպանության, ինչպես նաև օրենսդիր մարմնի վերին պալատի անդամ Ջոն Հոֆմանի և նրա կնոջ վրա հարձակման մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրակոցները որակեց որպես «նպատակային հարձակում նահանգային օրենսդիրների վրա» և խոստացավ, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն կհետաքննեն և կհետապնդեն «բոլոր ներգրավվածներին՝ օրենքի ողջ խստությամբ»։ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը Հորթմանի և նրա ամուսնու սպանությունն անվանեց «նպատակային քաղաքական բռնության ակտ»։




























