Վերջերս շատ տարածված է դարձել շան համեմատաբար նոր տեսակ՝ կավապուն, որը նման է փոքրիկ արջուկի: Գիտնականները զգուշացնում են, որ շան այս տեսակն ունի բավական շատ առողջական խնդիրներ, որոնց բուժմանը պետք է պատրաստ լինեն նրա տերերը: Այս մասին հաղորդել է Daily Mail-ը:
Գիտնականների խոսքով՝ կավալիեր քինգ Չառլզ սպանիելի եւ թոյ-պուդելի կամ փոքրիկ պուդելի խառնուրդը ավելի հաճախ է տառապում լուծից, քան մյուս ցեղատեսակները: Կավալիերների մոտ այս հիվանդությունն ախտորոշվում է երեք անգամ ավելի հաճախ, քան, օրինակ, չիխուախուաների:
Լոնդոնի Թագավորական անասնաբուժական քոլեջի (RVC) գիտնականների թիմը վերլուծել է անասնաբույժի մոտ բերված ավելի քան 2 միլիոն շների բժշկական գրառումները, հաղորդել է «Ֆոկուսը»: Տվյալները ցույց են տվել, որ կավապուները ամենից հաճախ են տառապում լուծից՝ տարեկան 14.95 տոկոս ռիսկով:
Լուծի հաճախակիությամբ երկրորդ ամենատարածված ցեղատեսակը մալթայան բոլոնկան է, որին հաջորդում են փոքր պուդելը եւ գերմանական հովվաշունը: Այս առողջական խնդրին ամենաքիչը հակված են Ջեք Ռասել տերիերը եւ չիխուախուան:
Կավապու ցեղատեսակի տերերը, շան համար զգալի գումար վճարելով, բախվում են անասնաբուժական ծանր ծախսերի՝ կրկնվող առողջական խնդիրների պատճառով: Ավելին, այս ցեղատեսակի շատ ներկայացուցիչներ ունեն բավական «կպչուն» բնավորություն, ինչպես նաեւ ցուցաբերում են ագրեսիայի նշաններ այլ կենդանիների նկատմամբ եւ ընտրողաբար են ուտում, ինչը հաճախ պահանջում է թանկ արժեցող կեր գնել:
«Պուդելների խառնուրդները պետք է լինեին այս ամենի պատասխանը. դրանք հիպոալերգիկ են, փոքր չափսի, հեշտ են մարզվում եւ շատ հաճելի են»։ «Բայց շատ դեպքերում վատ մարզված շունը կարող է խնդիրների պատճառ դառնալ՝ միջողնային սկավառակների հիվանդության, ալերգիաների, իմունային համակարգի հետ կապված հիվանդությունների եւ բաժանման անհանգստության բարձր ռիսկով»,- նշել է անասնաբույժ Ֆրանչեսկա Վերնին։
Նա նշել է, որ կավապուները նաեւ հակված են այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են ծնկոսկրի հոդախախտը, ատամնաբուժական խնդիրները՝ ատամների փչացումը եւ բերանի տհաճ հոտը:
Նոր հետազոտությունը նաեւ պարզել է, որ 3 տարեկանից փոքր եւ 9 տարեկան ու բարձր տարիքի կավապուներն ավելի շատ հակված լուծից տառապելուն, քան նույն ցեղատեսակի 4-5 տարեկան շները: Մասնագետները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ երիտասարդ շներն ավելի շատ են ուտում այն, ինչը չպետք է ուտեն, դա հանգեցնում է մարսողական խնդիրների, մինչդեռ ավելի մեծ կավապուները խնդիրներ են ունենում ծերացման հետ կապված բարդությունների պատճառով:
Բարեբախտաբար, կավապու շների մեծ մասը արագ ապաքինվում է մարսողական խնդիրներից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շների ավելի քան 80 տոկոսին խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ այցելություն անասնաբույժի մոտ:
«Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ լուծի դեպքերը շատ տարածված են այս ցեղատեսակի շների մոտ, սակայն տերերը չպետք է խուճապի մատնվեն, քանի որ շների մեծ մասը ապաքինվում է անասնաբույժի մոտ բուժումից հետո մի քանի օրվա ընթացքում»,- նշել է Թագավորական անասնաբուժական քոլեջի ընտանի կենդանիների համաճարակաբանության դոցենտ եւ հոդվածի համահեղինակ Դեն Օ'Նիլը։
Շների մոտ լուծը կարող է վտանգավոր լինել ջրազրկման ռիսկի պատճառով, հատկապես ձագերի եւ տարեց շների մոտ: Եթե խնդիրը լուրջ է կամ երկարատեւ, այն կարող է հանգեցնել էլեկտրոլիտների եւ այլ կարեւոր սննդանյութերի կորստի, ինչը կարող է հանգեցնել օրգանների վնասման կամ նույնիսկ մահվան:





























