Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան սկսել է տրամադրել ծանուցման ծառայություն թողարկողներին` իրենց արժեթղթերի շարժի մասին: Այդ մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից:
Սույն ծառայությունը լայնորեն կիրառվում է միջազգային շուկաներում, իսկ Հայաստանում առաջին անգամ ներդրվել է Դեպոզիտարիայի կողմից: Դեպոզիտարիայի հաճախորդ բաժնետիրական ընկերությունները այսուհետ կարող են օպերատիվ տեղեկություններ ստանալ իրենց կողմից թողարկված արժեթղթերի շարժի մասին, ինչը կօգնի թողարկողին առավել արդյունավետ կերպով հետևել եւ պահպանել օրենքով սահմանված պահանջները, մասնավորապես նախապատվության իրավունքի պահպանման, բաժնետերերի առավելագույն քանակի հետ կապված և այլն:
Դեպոզիտարիայի կողմից ներդրված նոր ծառայություններից է նաեւ «Առաքում վճարման դիմաց» (DVP) սկզբունքով արժեթղթերի փոխանցումը: Այդ ծառայության շնորհիվ Դեպոզիտարիան ապահովում է արտաբորսայական շուկայում արժեթղթերով կնքվող գործարքների հուսալիությունը երկու կողմերի համար, քանի որ արդյունքում Դեպոզիտարիան հանդես է գալիս որպես միջնորդ արժեթղթեր փոխանցողի եւ ստացողի միջեւ: Այսինքն` արժեթղթերը (դրամական միջոցները) տվյալ օրվա ընթացքում չեն փոխանցվի այնքան ժամանակ, քանի դեռ բացակայում են համապատասխան դրամական միջոցները (արժեթղթերը): Վերջնահաշվարկը կատարվում է արժեթղթերի եւ դրամական միջոցների միաժամանակյա առկայության դեպքում:
Արժեթղթեր փոխանցող եւ ստացող կողմերը կարող են վստահ լինել, որ սույն ծառայությունից օգտվելից իրենք չեն կորցնի իրենց ակտիվները առանց հանդիպակաց կատարման:




























