ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մինսկ եւ հանդիպում ունենալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ դա կլինի Բելառուսի ղեկավարի հետ ԱՄՆ պաշտոնյայի առաջին հանդիպումը երկար տարիներ հետո։ Հավանական զրույցի թեմաները պարզ չեն, չնայած Քելոգը մասնավոր կերպով այցելությունը ներկայացրել է որպես քայլ, որը կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու նպատակով խաղաղության բանակցությունների մեկնարկին, ասել են գործակալության զրուցակիցները։ Պետդեպարտամենտը եւ Վաշինգտոնում Բելառուսի դեսպանատունը հրաժարվել են մեկնաբանելուց։ Քելոգը եւ Սպիտակ տունը չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։
Ինչպես նշել է գործակալությունը, նման ուղեւորությունների պլանավորումը պահանջում է ուշադիր խորհրդակցություններ, եւ հնարավոր է, որ ծրագրերը փոխվեն, հանդիպումը կարող է հետաձգվել կամ նույնիսկ չեղարկվել: ԱՄՆ վարչակազմում Reuters-ի ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկյան իշխանությունները քննարկում են Մինսկը Մոսկվայի ազդեցության ոլորտից դուրս բերելու եւ Վաշինգտոնի ծիր, գոնե փոքր չափով, տեղափոխելու ուղիները:




























