Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթաժողովի շրջանակում, առաջնորդները համաձայնության են եկել երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների վերականգնման գործընթացը սկսելու անհրաժեշտության հարցում, նշվել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Վարչապետ Քարնին եւ վարչապետ Մոդին հաստատել են Կանադա-Հնդկաստան հարաբերությունների կարեւորությունը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, օրենքի գերակայության եւ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հավատարմության վրա»,- նշվել է փաստաթղթում: Այս առումով վարչապետերը համաձայնել են նոր դեսպաններ նշանակել Օտտավայում եւ Նյու Դելիում:

Քարնին հունիսի 17-ի ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոդիի հետ իր զրույցի ընթացքում քննարկվել է Խալիստանի շարժման կողմնակից, կանադացի սիկհերի առաջնորդ Հարդիպ Սինգհ Նիջարի սպանությունը։

Հնդկաստանի եւ Կանադայի միջեւ հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023թ. սեպտեմբերին սկսված դիվանագիտական ​​​​վեճից հետո, երբ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն մեղադրել էր Հնդկաստանի կառավարությանը Նիջարի սպանությանը մասնակցության մեջ: Միջադեպը հանգեցրել էր դիվանագետների փոխադարձ արտաքսման եւ խորացրել երկու երկրների միջեւ հարաբերությունների ճգնաժամը:

2024թ. հունիսին Մոդին եւ Թրյուդոն կարճատեւ հանդիպում ունեցան Իտալիայում կայացած G7 գագաթաժողովի շրջանակում՝ արտահայտելով իրենց համատեղ աշխատելու պատրաստակամությունը խնդիրները լուծելու համար։ Սակայն հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել։