Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 24 պետական ոչ առեւտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) տնօրենները բաց նամակով են հանդես եկել, հայտարարելով, որ իրենք կապ չունեն այն բաց նամակի հետ, որը գրվել է նախարարության 18 ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից: Այնտեղ խիստ քննադատություն կար Սպորտի նախարարի ու փոխնախարարի հասցեին:
Այժմ, 24 ՊՈԱԿ-ների տնօրենների բաց նամակում ասվում է.
«Օրեր առաջ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի 18 ՊՈԱԿ-ների տնօրենների անունից որոշ լրատվամիջոցներում հայտնվել էր անստորագիր բաց նամակ` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Այսօր մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարության համակարգում գործող ոչ մի ՊՈԱԿ-ի տնօրեն այդ նամակի հետ առնչություն չունի եւ ոչ մեկը նման փաստաթուղթ չի ստորագրել:
Մենք խստորեն դատապարտում ենք վաղուց ի վեր իր դարն ապրած նման էժանագին նեոբոլշեւիկյան գործելաոճը, որի նպատակը մարզաշխարհի ներկայացուցիչների մեջ պառակտում մտցնելու անառողջ ցանկությունն է միայն: Անստորագիր նամակներով հանդես եկողներին խորհուրդ ենք տալիս զուր ջանքեր չթափել եւ իրենց երիտասարդական ավյունն ու էներգիան ուղղել որեւէ հանրօգուտ գործ կատարելուն:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀԱՕԿ-ի ամենօրյա ուշադրության արդյունքում է, որ սպորտը մեր երկրում զարգացում է ապրում, աստիճանաբար լուծում են ստանում ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հսկայական ներդրումների շնորհիվ ամբողջ հանրապետության տարածքում կառուցվում են նոր մարզադպրոցներ, խրախուսվում են բարձր արդյունքներ արձանագրած մարզիկները:
2012-ը օլիմպիական տարի է եւ ոչինչ չի կարող խանգարել մեզ աշխատել միասնական ու համերաշխ ընտանիքով եւ Լոնդոնում անպայման հասնել մեր ժողովրդի համար այդքան սպասված օլիմպիական բարձունքին:
Իսկ նման էժանագին նախաձեռնությունների հեղինակներին խորհուրդ ենք տալիս զուր ջանքեր ու եռանդ չթափել մարզաշխարհի ներկայացուցիչների միջեւ պառակտում մտցնելու համար, միեւնույնն է բոլոր փորձերը, ինչպես եւ այս մեկը` անհաջողության են մատնվելու»:




























