Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 12-ին, այցելել է մայրաքաղաքի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիա:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջել է վերակառուցված եւ վերանորոգված թատրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Նախագահին ներկայացվել է, որ ստեղծման օրվանից թատրոն-ստուդիան գործել է Կինոյի տան փոքր դահլիճում եւ ավելի քան 30 տարի վերանորոգման չէր ենթարկվել: Արդյունքում՝ այն հայտնվել էր անմխիթար վիճակում: 2011թ. Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ որոշվել է վերակառուցել եւ վերանորոգել դահլիճն ու հարակից տարածքը՝ օգտագործելով այն թե՛ թատրոն-ստուդիայի, եւ թե՛ Կինեմատոգրաֆիստների միության միջոցառումների համար: Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011թ. դեկտեմբերին:
Շրջայցից հետո Սերժ Սարգսյանը դիտել է թատրոն-ստուդիայի տարբեր ներկայացումներից դրվագներ, նոր դահլիճում ցուցադրվել է նաեւ «Արմենֆիլմ» կինոստուդիայի «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագրի մասին տեսանյութ:
Այնուհետեւ Հանրապետության ղեկավարը հանդիպել է մշակույթի գործիչների հետ՝ հին տոմարով Նոր տարին նշելու նպատակով:




























