Այսօր` հունվարի 12-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում որոշել է փոփոխել Հայաստանի ընտրատարածքների քարտեզը: Պատճառն այն է, որ ըստ Ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի, ընտրատարածքը միասնական տարածք է, որը «չի կարող ընդգրկել տարբեր մարզերի համայնքներ, իսկ մարզում` ոչ սահմանակից բնակավայրեր», այնինչ նախկինում մի մարզի ընտրատարածքում ընդգրկված են եղել հարեւան մարզի կազմում գտնվող, նույնիսկ հեռու գյուղեր ու համայնքներ: ԿԸՀ-ի այսօրվա որոշմամբ դա վերացվում է:

41 ընտրատարածքների նախկին քարտեզը ԿԸՀ-ի 2005 թվականի որոշման համաձայն էր կազմավորված: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ այս որոշմամբ, Երեւանում գտնվող ընտրատարածքների փոփոխությունները շատ քիչ են. մի քանի շենքերի ընտրողներ 5-րդ ընտրատարածքից տեղափոխվում են 4-րդ ընտրատարածք` կապված շենքերի դիրքի հետ, եւ 1 ընտրատեղամաս` ավելի քան 1600 ընտրողով, 10-րդ ընտրատարածքից տեղափոխվում է 9-րդ ընտրատարածք:

Ինչ վերաբերում է մարզերին, 9 մարզերից 2-ում` Կոտայքում եւ Սյունիքում, որեւէ փոփոխություն չի արվում: Արագածոտնի մարզի ընտրատարածքներից հանվել են Արմավիրի մարզում գտնվող շուրջ 2 տասնյակ գյուղեր: Նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաեւ Լոռիի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը ընտրատարածքների վերաձեւումը համարում է դրանք որոշ թեկնածուների «հագով» դարձնելու քայլ, Տ. Մուկուչյանը դա «շահարկում» անվանեց: «Կա Ընտրական օրենսգիրք, կան ամրագրված օրենսգրքի պահանջներ եւ այդ պահանջներին համապատասխան ընտրատարածքների սահմանները պետք է ամրագրվեն: Եթե նման բան առկա լիներ, ինչ-որ տեղ կարելի էր փորձել տրամաբանություն որոնել, մեղադրանքներ հնչեցնել»: