ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են առաջիկա օրերին Իրանին հարվածելու հնարավորությանը, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Սա նշան է այն բանի, որ Վաշինգտոնը հավաքում է ենթակառուցվածքը՝ Թեհրանի հետ ուղիղ հակամարտության  մեջ մտնելու համար։

Իրավիճակը դեռեւս զարգանում է եւ կարող է փոխվել, ասել են աղբյուրները: Ոմանք մատնանշել են հանգստյան օրերին հարվածների հնարավոր ծրագրերը: Մի քանի դաշնային գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես սկսել են պատրաստվել գրոհին:

Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ լրագրողներին հայտնել է, որ «գաղափարներ ունի այն մասին, թե ինչ պետ է անել», եւ որ նախընտրում է «վերջնական որոշումը կայացնել մեկ վայրկյան առաջ, մինչեւ դրա վրա հասնելը», քանի որ Մերձավոր Արեւելքում իրավիճակն անկայուն է։

«Ես կարող եմ դա անել։ Կարող եմ եւ չանել»,- ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք պատրաստ է հարձակվել Իրանի վրա։ Հարավային Կարոլինայից սենատոր Լինդսի Գրեմը գլխավոր ձայնն է, որը նախագահին կոչ է անում դիտարկել ռազմական գործողությունների հնարավորությունը, նշել են ինսայդերները։ Նրանց խոսքով՝ Թրամփը մի քանի անգամ զանգահարել է Գրեմին։

«Նա նրանց դիվանագիտության հնարավորություն տվեց։ Կարծում եմ՝ նրանք սխալ հաշվարկեցին»,- ասել է Գրեմն Իրանի մասին։ «Որքան շուտ մենք վերջ դնենք մարդկությանը սպառնացող այդ սպառնալիքին, այնքան լավ»։

Թրամփը տարիներ շարունակ կոչ է արել ԱՄՆ-ին խուսափել արտաքին հակամարտություններից՝ ասելով, որ կկանխի եւս մեկ համաշխարհային պատերազմ եւ կկենտրոնանա ներքին հարցերի վրա։

Միեւնույն ժամանակ Իսրայելի արշավը թուլացման որեւէ նշան ցույց չի տալիս, քանի որ զինվորականները զգուշացրել են իրանցի քաղաքացիական անձանց հեռանալ Արակ-Խոնդաբ շրջանից՝ կենտրոնական Իրանի ռազմավարական տարածքից, որտեղ գտնվում են երկրի կարեւորագույն միջուկային ենթակառուցվածքներից մի քանիսը, այդ թվում՝ Արակի ծանր ջրի ռեակտորը։

Արակը երկար ժամանակ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է՝ պլուտոնիումի արտադրության մեջ իր պոտենցիալ դերի պատճառով, որը կարող է օգտագործվել ապագայում միջուկային զենքի արտադրության մեջ։ «Ձեր ներկայությունն այդ շրջաններում վտանգի է ենթարկում ձեր կյանքը»,- գրել են իսրայելցի զինվորականները սոցիալական ցանցերում պարսկերենով հրապարակված հայտարարությունում, որոնք նման են ավիահարվածներից առաջ տարածած այլ հայտարարություններին։