ԱՄՆ ռազմաօդային ուժերը ԱՄՆ-ից Լեյքենհիթի բրիտանական ավիաբազա կուղարկեն հինգերորդ սերնդի 12 հատ F-22 կործանիչներ։ Նախատեսվում է առաջիկա օրերին դրանք ուղարկել Մերձավոր Արեւելք։ Այս մասին հայտնել է ամերիկյան The Aviationist պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին եւ արբանյակային լուսանկարներին։

Ինչպես նշել է պորտալը, կործանիչներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում, այս ավիաբազան օգտագործվում է որպես հիմնականներից մեկը՝ ԱՄՆ ինքնաթիռները Հյուսիսային Ամերիկայից այլ շրջաններ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում: The War Zone պորտալի տվյալներով՝ 12 հատ F-22-ները պետք է թռչեն Հորդանանի Մավաֆիկա Սալթի ավիաբազա:

«Aviationist»-ը նշել է, որ հունիսի 17-18-ին ԱՄՆ-ը նաեւ մի քանի F-35 Lightning II կործանիչներ է տեղակայել Լեյքենհիթում, ինչպես նաեւ մի քանի F-16 Fighting Falcon ինքնաթիռներ՝ Իտալիայի Ավիանո քաղաքում։ ԱՄՆ-ից տեղափոխված ինքնաթիռներն արդեն ժամանել են Մերձավոր Արեւելքի ավիաբազաներ: Իսրայել եւ Սաուդյան Արաբիա են ժամանել նաեւ մի քանի C-17 բեռնատար ինքնաթիռներ, որոնք, ենթադրաբար, զինամթերքի պաշարներով են: C-17-ների հետ միասին Մերձավոր Արեւելք են ուղարկվել նաեւ KC-135 լցարկող ինքնաթիռներ: Այս ինքնաթիռների տեղափոխման մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ Associated Press գործակալությունը: