Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է Իրանին հակահարված տալ երկրի հարավում գտնվող Բեեր Շեւա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցի վրա հարձակման համար, հինգշաբթի հաղորդել է իսրայելական Ynet պորտալը։

«Իրանի ահաբեկիչ բռնակալները հրթիռային հարձակում են գործել Բեեր Շեւայի «Սորոկա» հիվանդանոցի եւ կենտրոնական Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա։ Թեհրանի բռնակալները ինչպես հարկն է կվճարեն»,- գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցում։

Մերձավորարեւելյան լրատվամիջոցները հաղորդել են, որ իրանական հրթիռային հարվածներ են գրանցվել նաեւ Ռամաթ Գանում եւ Հոլոնում հինգշաբթի վաղ առավոտյան։

Իրանական «Մեհր» գործակալությունը, իր հերթին, նշել է, որ հարձակման հիմնական թիրախներն էին Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության եւ հրամանատարության (C4I) խոշոր շտաբը եւ հիվանդանոցի մոտակայքում գտնվող Գավ Յամ տեխնոլոգիական պարկում գտնվող բանակի հետախուզական ճամբարը։ Իրանական կողմի վարկածով՝ բուժհաստատությունը ենթարկվել է միայն հարվածային ալիքի ազդեցությանը եւ լուրջ վնասներ չի կրել։

Իր հերթին, իսրայելական The Times of Israel պարբերականը նշել է, որ հիվանդանոցի անմիջական մոտակայքում ռազմական օբյեկտներ չկան. օրինակ՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հարավային հրամանատարության կենտրոնակայանը գտնվում է «Սորոկայից» ավելի քան երկու կիլոմետր հեռու։

Իսրայելի շտապ բժշկական օգնության ծառայության՝ «Մագեն Դավիթ Ադոմի» տվյալներով՝ իրանական հրթիռային հարվածների հետեւանքով տուժել է մոտ 65 մարդ։