Ղազախստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է մեկ տարվա փորձնական ծրագրի մասին՝ կապված օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար երկիր մուտք գործելու եւ դուրս գալու կանոնների եւ պայմանների հետ։
Մասնավորապես, Ռուսաստան մուտք գործել ցանկացող օտարերկրյա քաղաքացիներին վիզա չպահանջող եղանակով առաջարկվում է նախապես գրանցվել Միասնական նույնականացման համակարգում եւ «ruID» բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմում։
«Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների գրանցման նոր կարգը, որը ներդրվում է որպես փորձնական, չի փոխում Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների փոխադարձ ճանապարհորդությունների համար անվիզա ռեժիմը: Մենք ուշադրություն ենք հրավիրում փորձնական ծրագրի շրջանակում «ruID» հավելվածի միջոցով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմում լրացնելու կամավոր բնույթի վրա:
Լրացված մուտքի դիմում չներկայացնելը չի ազդի Ռուսաստանի սահմանապահ իշխանությունների կողմից սահմանային հսկողության իրականացման վրա։ Միեւնույն ժամանակ մենք կառաջարկեինք օգտագործել «ruID» հավելվածը, այդ թվում՝ Ռուսաստանում առցանց կառավարական ծառայություններին, ռուսական օպերատորների բջջային ծառայություններին, վճարումներ կատարելուն եւ այլն հասանելիության առումով լրացուցիչ առավելություններ ստանալու համար»,- նշվել է դեսպանատան հաղորդագրությունում։
Նոր կանոնների համաձայն՝ մուտքի դիմումը պետք է ներկայացվի նախապես, ուղեւորությունից ոչ ուշ, քան 72 ժամ եւ ոչ շուտ, քան 90 օր առաջ։ Արտակարգ դեպքերում, ինչպիսին են ազգականի հիվանդությունը կամ մահը, մուտքի դիմումը կարող է լրացվել 4 ժամ առաջ, դրա համար անհրաժեշտ է ներկայացնել հատուկ հանգամանքները հաստատող փաստաթղթեր։
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է տեղադրել «ruID» հավելվածը (հնարավոր կլինի ներբեռնել ոչ ուշ, քան մինչեւ այս տարվա հունիսի 24-ը) եւ գրանցվել դրանում: Եթե օտարերկրացին արդեն ունի հաշիվ Ռուսաստանի պետական ծառայություններում, նա կարող է մուտք գործել «ruID» հավելված՝ օգտագործելով իր լոգինը եւ գաղտնաբառը:





























