Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,–ասված է որոշման մեջ։
Նշենք, որ այսօրվա մեկ այլ որոշմամբ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Ավելի վաղ NEWS.am–ը գրել էր, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնի համար հիմնական թեկնածուն ՍԱՏՄ պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանն է, ով վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը: Նա Փաշինյանի մերձավոր շրջապատից է:
Նախքան այս պաշտոնին նշանակվելը Պետրոսյանը հանդիսացել է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված շենքերի և այլ գույքի սպասարկումն իրականացնող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ 2020 - 2021թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի (ներկայում՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն») տնօրենի տեղակալը:
Մասնագիտությամբ տնտեսագետ և աշխարհագրագետ Տիգրան Պետրոսյանն իր կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից, իսկ նախքան կառավարական ամառանոցները ղեկավարելը, հանիդիսացել է միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ի տնօրենը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ի որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Դանիելյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ՍԱՏՄ համակարգում առկա լուրջ դժգոհությունները, որոնց մասին պարբերաբար զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպել են Արմեն Դանիելյանին, որպեսզի ազատման դիմում գրի:
Մեզ հայտնի էր դարձել, որ դեռևս տարեսկզբին Դանիելյանը Տեսչական մարմնում կառուցվածքային կտրուկ փոփոխություններ է նախաձեռնել՝ առաջարկելով լուծարել մի քանի մարզային բաժիններ, օպտիմալացնել լաբորատորիաներ և այլն, սակայն ՍԱՏՄ-ում Դանիելյանի «բարեփոխումները» հավանության չեն արժանացել:
Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ պետ. հիմնական թեկնածուն Փաշինյանի մերձավոր շրջապատից է





























