«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձինք չեն համաձայնեցրել 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածքում որեւէ քայլարշավի անցկացման հնարավորության հարցը «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից` անդրադառնալով «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավ կազմակերպելու մտադրության մասին ԶԼՄ-ներով եւ սոցիալական ցանցերով տարածված տեղեկատվությունը: «Դատելով ԶԼՄ հրապարակումներից՝ կարելի է եզրակացնել, որ հրավերը եղել է բաց, հնարավոր մասնակիցների թիվը՝ անսահմանափակ:

Մինչ այդ տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներով՝ «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը վերոնշյալ քայլարշավը թույլատրելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացվել է միայն 2012 թ. հունվարի 11-ին, երբ տարբեր ԶԼՄ-ներով արդեն տեւական ժամանակ տարածվել էին  «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավի կազմակերպման մտադրության մասին մի շարք հայտարարություններ: Այդ գրավոր դիմումով «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձը խնդրում է թույլատրել շուրջ 100 հոգանոց խմբի՝ 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելը եւ շուրջ չորս ժամ գտնվելը: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության կողմից թույլատրվել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձանց մինչեւ 15 հոգուց բաղկացած խմբի մուտքը, որոնց տվյալները խնդրել է հայտնել մինչեւ 2012 թ. հունվարի 13-ը, ժամը 15:00: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը հնարավոր մասնակիցների տվյալներ չեն ներկայացվել»,- հայտնել են նրանք:

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը հայտնում է, որ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձանց կողմից 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կհամարվի ոտնձգություն «Թեղուտ» ՓԲԸ իրավունքների եւ օրինական շահերի նկատմամբ եւ բոլոր հնարավոր մասնակիցներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողությունների մասնակցելուց: