Ուկրաինայում ռուսական բանակի կորուստները գերազանցել են մեկ միլիոնը, որից 250 հազարը զոհվել են։ Այս տվյալները Հաագայում անցկացված գագաթնաժողովում DW-ին հայտնել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան։
Նա նշել է, որ ըստ դաշինքի գնահատականի, տնտեսական տեսանկյունից Ռուսաստանը կկարողանա պատերազմել առնվազն մինչև 2027 թվականը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Կիևին վստահեցրել է շարունակական աջակցության մասին։ Այս տարի դաշնակիցներն արդեն խոստացել են Կիևին մոտ 35 միլիարդ եվրոյի անվտանգության օգնություն տրամադրել։ Ռյուտեն հիշեցրել է, որ դաշինքը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղաղության հաստատման դեպքում Ուկրաինան լինի «այնքան ուժեղ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը երբեք այլևս երկրի մեկ քառակուսի կիլոմետրն անգամ չփորձի զավթել»։




























