Շիրակի մարզի 3՝ Շիրակ, Վահրամաբերդ եւ Գառնառիճ գյուղերում պատրաստվում են ընտրությունների: Խոսքը համայնքի ղեկավարի ընտրության մասին է: Այսօր` հունվարի 13-ին, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն էր, իսկ վաղվանից կսկսվի արդեն նախընտրական քարոզչության շրջանը:
Իրենց թեկնածությունն են առաջադրել գործող երեք գյուղապետերը, որոնցից 2-ը՝ Շիրակի եւ Վահրաբերդի գյուղապետերը հանրապետական կուսակցությունից են, նրանց հետ իրենց թեկնածությունն են առաջադրել երկու գյուղերից անկուսակցական մեկական թեկնածուներ, որոնց հաղթելու կամ գյուղապետ ընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է: Ի դեպ, Շիրակ գյուղի համայնքի ղեկավարը՝ Խորեն Հարությունյանը, ով արդեն հինգերորդ անգամ է իր թեկնածությունն առաջադրում համայնքի ղեկավարի պաշտոնում, մի քանի ամիս առաջ է համալրել հանրապետականների շարքերը: Գառնառինջ գյուղի գործող գյուղապետը, ով կրկին առաջադրվել է, դաշնակցական է, ում որպես մրցակից թեկնածու առաջադրվել է նրա փեսան, ով դարձյալ նորաթուխ հանրապետական է: Ըստ գառնառիջցիների՝ գործող գյուղապետն ընտրվելու շանսեր չունի եւ նա իր փոխարեն այդ պաշտոնում տեսնում է հանրապետական փեսային:
Հիշյալ գյուղերում անլուծելի խնդիր է անօթեւանությունը: Շիրակ գյուղն ավելի քան 60 անօթեւան ընտանիք ունի, բնակարանաշինության ծրագիրն այս գյուղում արդեն 2 անգամ հետաձգվել է:




























