Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբն այսօր` դեկտեմբերի 13-ին, հերթական բարեգործական համերգն էր կազմակերպել այս անգամ մայրաքաղաքի Նորքի տուն-ինտերնատում:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նվագախմբի պետի տեղակալ Համլետ Ադամյանը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության եւ  նախարար Արմեն Երիցյանի կողմից ամանորյա ջերմ շնորհավորանքներ է փոխանցել տուն-ինտերնատի տարեց բնակիչներին` նրանց մաղթելով առողջություն եւ ամենայն բարիք:

Նվագախմբի համերգային ծրագիրը բաղկացած էր հիմնականում ազգային հայրենասիրական ու ժողովրդական երգերից:

Միջոցառման ավարտին Նորքի տուն-ինտերնատի տնօրենը շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին ու նախարարին` Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ նման գեղեցիկ նվեր մատուցելու համար:

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ ԱԻՆ փողային նվագախումբը բարեգործական համերգներով հանդես էր եկել նաեւ Խարբերդի եւ Երեւանի Մարի Իզմիլյանի անվան մանկատներում: