Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ, հունվարի 13-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից եւ լրացումներից բխող անհրաժեշտ քայլերն ու աշխատանքները։

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացվող բոլոր փոփոխությունների հիմքում կլինի ծառայությունների օպտիմալացման եւ ներքին հնարավորությունների արդյունավետ օգտագործման գաղափարը։

Նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ԱԻՆ Փրկարար ծառայությունը կլինի Նախարարության հզոր օղակ` ունակ բարձր արդյունավետությամբ կատարելու իր առջեւ դրված խնդիրները։

Բարեփոխումների արդյունքում Փրկարար ծառայությունը կունենա նոր կառուցվածք. կրկնվող ծառայությունները, բաժինները կմիանան նախարարության համապատասխան  ծառայություններին։ Դրա հետ մեկտեղ նախատեսվում է Փրկարար ծառայության առջեւ դրված խնդիրներից բխող նոր ծառայությունների ստեղծում, օրինակ` կձեւավորվեն հատուկ խմբեր` սակրավորների եւ պայթեցման աշխատանքների համար։

Հատուկ ուշադրություն է հրավիրվել քաղաքացիական պաշտպանության ծառայության հզորացման անհրաժեշտությանը։

Քննարկումների արդյունքում առաջիկա օրերին կպատրաստվի ԱԻՆ Փրկարար ծառայության նոր կառուցվածքի մասին Կառավարության որոշման նախագիծ: