Գրեթե 350 մարդ, մեծամասամբ Հայաստանի քաղաքացիներ, չեն կարողանում «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով Ռուսաստան մտնել` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադ» թերթը` հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:

Քաղաքացիներին ապաստան են տրամադրել Դուշեթի շրջկենտրոնում, նրանք ապահովված են սննդամթերքով, նրանց կայցելի Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցը: Անցակետի շրջանում ձյուն է գալիս, փոթորկաբեր քամի է եւ մառախուղ, նշվում է հեռուստաընկերության հաղորդագրությունում: Քաղաքացիների մեծամասնությունն ուղեւորվել էր Վլադիկավկազ: Սահմանը կբացվի եղանակի կարգավորվելուն պես:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ գտնվող «Վերին Լարս» անցակետը հունվարի 16-ին փակվել է` մինչեւ հատուկ կարգադրություն ստանալը: Ձյունը եւ ձնահոսքի վտանգը պահպանվում է նաեւ Ռուսաստանն Անդրկովկասի հետ կապող մյուս անցուղում` Տրանսկամում, որը փակ է հունվարի 15-ից:

Չդադարող տեղումներով պայմանավորված անբավարար տեսանելիությունը հնարավորություն չի տալիս վերացնել սողանքային առավել վտանգավոր օջախները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: