Անհայտ կորած տղամարդու դիակը գտել են Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող «Թեյարան»-ին հարակից ձորում վթարի ենթարկված ավտոմեքենայում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր Երեւանի Մալաթիա թաղամասի Շահումյանի 6-րդ փողոցի 61 տան բնակիչ, 34-ամյա Տիգրան Ջուրյանը, ով հունվարի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում դուրս էր եկել տնից, իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի 03 SS 938 համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով մեկնել անհայտ ուղղությամբ եւ այլեւս չէր վերադարձել:
Հունվարի 17-ին, ժամը 13.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող «Թեյարան»-ին հարակից ձորում վթարի ենթարկված ավտոմեքենա կա:
Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Տիգրան Ջուրյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Երեւան ճանապարհի 26-րդ կմ-ին վթարի էր ենթարկվել եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել էր:
Կատարվում է քննություն:





























