Հայաստանում բնականոն գնաճի մակարդակը 12 ամսյա կտրվածքով (2011 թ. դեկտեմբերը 2010 թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմում է 5.3 %: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի հրապարակման մեջ;
Նշենք, որ բնականոն գնաճը հաշվարկվում է` առանց հաշվի առնելու գների սեզոնայնությամբ պայմանավորված տատանումները եւ կարգավորվող սակագների փոփոխությունները: Այսինքն` բնականոն գնաճն արտացոլում է ՀՀ ԿԲ-ի վարած քաղաքականության ազդեցությունը գների վրա:
Այսպիսով` բնականոն գնաճի մակարդակն ավելի բարձր է, քան Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած գնաճի ընդհանուր մակարդակը (4.7 %):
ՀՀ ԿԲ-ի հրապարակած նոյեմբեր ամսվա տեղեկագրում նշված է, որ նոյեմբերի դրությամբ բնականոն գնաճին ամենաշատը նպաստում է տավարի միսը` 0.95 տոկոսային կետով; Երկրորդ տեղում հիվանդանոցների վիրաբուժական ծառայություններն են` 0.37 տոկոսային կետ: Դրանց հետեւում են խոզի միսը` 0.31 տոկոսային կետ, բենզինը` 0.3 տոկոսային կետ, կարագը` 0.28 տոկոսային կետ:
Նշենք, որ միսը, ըստ պաշտոնական տվյալների, տարվա ընթացքում միջինը թանկացել է 12.7 %-ով: Նոյեմբերի դրությամբ տավարի միսն արդեն իսկ թանկացել էր 25 %-ով, խոզինը`33 %-ով, ոչխարինը` 13.4 %-ով, թռչնինը` 3.3 %-ով:



























