Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր` հունվարի 18-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել նախագահականի առջեւ, որին մասնակցել են բնակարանային խարդախության զոհ դարձած ադրբեջանցիները: Այդ մասին հաղորդում է Ազադլըգ թերթը` նշելով, որ ցուցարաները հիմնականում հանդես են եկել «Վերջ տվեք կաշառակերությանը», «Վերադարձրեք մեր բնակարանները», «Նախագահ, լսիր մեզ», «Նախագահ վերադարձրու մեր բնակարանները» կարգախոսներով: Ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարաների նկատմամբ, որի արդյունքում ցուցարար կանանցից մեկը ուշագնաց է եղել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Նշենք, որ ցուցարարները ցանկացել են հանդիպել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, սակայն ոչ ոք նախագահականից դուրս չի եկել: Դրանից հետո ցույց ցրվել է:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների հովանու ներքո իրականացվում են բնակելի շենքների քանդման աշխատանքներ: Շատ դեպքերում բնակարաններից զրկված ադրբեջանցիները փոխհատուցում չեն ստանում, եւ շատերը հայտնվում են փողոցում:




























