ՆԱՏՕ-ի կողմից մի քանի հետախուզական ինքնաթիռներ են ուղարկվել Լիտվայի օդային տարածք, ինչը կապված է անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջադեպի հետ, որը հավանաբար Բելառուսի տարածքից է մտել բալթյան հանրապետության տարածք։ Այս մասին հայտնել է Delfi.lt ինտերնետային պորտալը։

Նրա խոսքով՝ Լիտվան տեղեկացրել է ՆԱՏՕ-ի համատեղ օդային գործողությունների կենտրոնին միջադեպի մասին, ինչից հետո դաշինքի անդամ երկրները հետախուզական ինքնաթիռներ են ուղարկել Լիտվայի օդային տարածք։

Լիտվայի երկնքում եղել է երկու Bombardier Challenger 650 ARTEMIS ինքնաթիռ, որոնց ինքնությունը չի նշվում, ինչպես նաև բրիտանական Boeing RC-135 Rivet Joint և գերմանական ռազմաօդային ուժերի մեկ ինքնաթիռ, որի մակնիշի մասին նույնպես չի նշվում։

Երկուշաբթի վաղ առավոտյան (տեղական ժամանակով մոտ 05:00-ին) Վիլնյուսի բնակիչները ոստիկանություն են հայտնել Լիտվայի մայրաքաղաքի վերևում՝ 200 մետր բարձրության վրա նկատված անօդաչու թռչող սարքի մասին։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը բնակչության բջջային հեռախոսներին ծանուցում է ուղարկել անհայտ տեսակի օդային օբյեկտի մասին, որը իբր Բելառուսից մտել է Լիտվայի տարածք։ Թե ինչի հիման վրա է պնդվում, որ ԱԹՍ-ն Լիտվա է մտել Բելառուսի տարածքից՝ մնում է անհասկանալի։ Ընկած անօդաչու սարքի որոնումները շարունակվում են։