Սյունիքի մարզում, հունվարի 18-ի կեսգիշերին, Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 08 TT 944 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 40-ամյա Գեւորգ Շատունց) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Հրշեջ-֊փրկարարների ուժերով ձորից դուրս են բերվել ավտոմեքենայի վարորդ, Գեւորգ Շատունցի, ուղեւոր` 43-ամյա Աշխեն Ղազարյանի դիերը եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` ուղեւոր 20-ամյա Արամ Գրիգորյանը, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց: Ա. Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: