Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ալյասկայում անցկացվելիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ «վախի և հույսի խառնուրդ» է զգում։ Ըստ Տուսկի՝ ամերիկյան կողմը խոստացել է հանդիպումից առաջ խորհրդակցել եվրոպացի գործընկերների հետ։ Այժմ տպավորություն է ստեղծվում, թե Թրամփը ավելի ու ավելի է հասկանում Կիևի և Եվրոպայի փաստարկները Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի վերաբերյալ, սակայն թե որքան դա կտևի ՝ հայտնի չէ, նշել է նա։
«Լեհաստանի և մեր գործընկերների համար ակնհայտ է, որ պետական սահմանները չեն կարող ուժով փոխվել,- ըստ Reuters-ի՝ շեշտել է Դոնալդ Տուսկը։ -Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում չպետք է օգուտ բերի ագրեսորին»։ Լեհաստանի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ Կիևը պետք է մասնակցի Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած բանակցությունների։
Դոնալդ Տուսկի գնահատմամբ՝ եվրոպական երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը ցույց է տվել, որ իրենք «միասնական են խաղաղ բանակցությունների նկատմամբ մոտեցման հարցում», գրում է DW պարբերականը։ Շաբաթ օրը Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի առաջնորդները և Եվրահանձնաժողովի ղեկավարը ողջունեցին պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Թրամփի ջանքերը, սակայն ընդգծեցին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու և Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը։





























