Իրանի և Իրաքի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները երկուշաբթի Բաղդադում անվտանգության հարցերի վերաբերյալ համատեղ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալի Լարիջանիի և Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջիի միջև։
«Մենք Իրաքի հետ մշակել ենք անվտանգության համաձայնագիր, որը շատ կարևոր հարց է։ Հարևանների նկատմամբ Իրանի դիրքորոշումն ու մոտեցումը հիմնված է այն փաստի վրա, որ իրանցիների անվտանգությունը գերակա խնդիր է, բայց Իրանը նաև ուշադրություն է դարձնում հարևան երկրների անվտանգությանը»,- մեկնելուց առաջ հայտարարել է Լարիջանին։
Նա նշել է, որ Իրանի անվտանգությունը անբաժանելիորեն կապված է հարևան երկրների անվտանգության հետ։ Ըստ նրա՝ Իրանը սերտ առևտրային կապեր է պահպանում բարեկամ Իրաքի հետ, ընդ որում երկու երկիրն էլ համագործակցության շատ լավ մակարդակ ունեն։
Իր այցի նպատակի մասին խոսելով՝ Իրանի անվտանգության ծառայությունների ղեկավարը բացատրել է, որ նախատեսում է Թեհրանի և Բաղդադի միջև համագործակցության ընդլայնման ուղիները քննարկել բարձրաստիճան իրաքցի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ։





























