Մյանմայի նախագահի պարտականությունները կատարող Մյին Սվեի մահվան կապակցությամբ սգո միջոցառումներ են կազմակերպվել Նեյպիդո մայրաքաղաքում։ Այս մասին հայտնել է Global New Light of Myanmar թերթը։
Հոգեհանգստին ներկա են եղել Մյանմայի բարձրաստիճան պետական գործիչներ, ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ, մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններ, ինչպես նաև քաղաքական գործչի ընտանիքի անդամներ։ Սգո միջոցառումների շրջանակներում անցկացվել է զինվորական շքերթ՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ, տեղի է ունեցել պաշտոնական հուղարկավորության արարողություն։ Դրվել են ծաղկեպսակներ։ Նշվում է, որ պետական հուղարկավորությունն անցկացվել է ազգային ավանդույթներին և պաշտոնական արարողակարգին խիստ համապատասխան։
Օգոստոսի 6-ին թերթը հրապարակել է հոդված, որում նշվել է, որ գործող նախագահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ նախկինում ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։
Մյին Սվեն մահացել է օգոստոսի 7-ին՝ 74 տարեկան հասակում։ 2016 թվականից նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ 2021 թվականի փետրվարի 1-ին նախագահ Վին Մյինին պաշտոնանկ անելուց հետո նա սկսել է կատարել պետության ղեկավարի պարտականությունները։ 2024 թվականի հուլիսին հաղորդվել է, որ Մյին Սվեն իր լիազորությունները հանձնել է վարչապետ Մին Աուն Հլայնին՝ հիվանդության պատճառով արձակուրդ գնալու կապակցությամբ։





























