Օգոստոսի 6-ին Աճառյան փողոցում մեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից՝ նշելով, որ տուժածների առողջական վիճակում բացասական դինամիկա չի նկատվել։

«Տուժածներից 4–ը դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ընտանիքի հայրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ»,–հայտնեցին կենտրոնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աճառյան փողոցում մեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները ընտանիքի անդամներ են՝ ծնողները, երեք երեխաները (երկու տղա, մեկ աղջիկ) և տատիկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը տեղի ուժերով մարվել է: Պայթյունի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել է։