Բրիտանացի զինվորականները փոխել են խաղաղապահ առաքելության ձևաչափն ու խնդիրները, որը կգործի Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո, հայտնում է The Times-ը։

Ըստ պարբերականի՝ Մեծ Բրիտանիայի բանակի հրամանատարությունը հրաժարվել է Ուկրաինայի նավահանգիստներն ու քաղաքները պաշտպանելու համար 30 հազարանոց զորախումբ ստեղծելու գաղափարից։

Դրա փոխարեն զինվորականներն առաջարկում են ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի օդային տարածքի անվտանգության ապահովումը, ուկրաինացի զինվորականների մարզումների աջակցությունը և Սև ծովի ականազերծումը։

Պարբերականի տվյալներով՝ որոշ եվրոպական երկրներ մտավախություն են ունեցել, որ Ուկրաինայի կարևորագույն օբյեկտները պաշտպանելու համար տասնյակ հազարավոր զինվորականներ տեղակայելը չափազանց ռիսկային է։

Այդ երկրները չէին ցանկանում բավարար քանակությամբ զորքեր տրամադրել՝ ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի հարձակումները զսպելու համար, ինչը հիասթափություն է առաջացրել մյուս երկրներում։

Սակայն, այժմ Լոնդոնի և «Վճռականների կոալիցիայի» առանձին անդամ երկրների ծրագրերում կա խաղաղապահ զորքերի կողմից ավելի «իրատեսական առաքելության» իրականացումը։

Մասնավորապես, նրանք կտրամադրեն լոգիստիկ աջակցություն, զենք և վերապատրաստման մասնագետներ և կօգնեն Ուկրաինայի ցամաքային ուժերի վերականգնմանն ու վերազինմանը։ Այս համատեքստում նախատեսվում է զինվորականների վերապատրաստում կազմակերպել երկրի արևմտյան շրջաններում, որտեղ ռուսական հարձակումների հավանականությունն ավելի ցածր է։

Նախատեսվում է նաև «Typhoon» կամ «F-35» ինքնաթիռների կիրառմամբ օդային պարեկության առաքելություններ իրականացնել՝ Ուկրաինայի երկինքը պաշտպանելու և ռուսական հարձակումները զսպելու նպատակով։ Այդ առաքելությունների խնդիրն է հանգստացնել ուկրաինացի բնակչությանը և ապահովել միջազգային ավիաչվերթների վերականգնումը։

Կոալիցիայի անդամ երկրները նաև կաջակցեն Սև ծովի ականազերծմանը և կերաշխավորեն ուկրաինական նավահանգիստներից բոլոր նավերի անվտանգ անցումը։