Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել, որ Լենինգրադյան խմբի հինգ երգերի տարածումն արգելվում է Ռուսաստանի Դաշնությունում: Դատարանի նյութերն ուսումնասիրած «Վերստկա» գործակալության տվյալներով՝ արգելքի տակ են հայտնվել «Кандидат», «Нет **йне», «Ч.П.Х.», «Оспа» և «Русский» երգերը։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային մանկավարժական կրթության ակադեմիայի աշխատակիցները լեզվաբանական փորձաքննության արդյունքում եկել են այն եզրակացության, որ այս երգերի տեքստերում առկա են բռնի գործողությունների, ինչպես նաև անչափահասների հոգևոր, բարոյական, սոցիալական, հոգեկան և ֆիզիկական առողջությանը սպառնացող արարքների դրդման նշաններ։ Ընդ որում՝ փորձագիտական եզրակացության մեջ նշված չեն եղել կոնկրետ արտահայտություններ կամ ձևակերպումներ, որոնք կարող եբ նման ազդեցություն ունենալ։

Դատական քննության պատճառ է դարձել Դաշնության խորհրդի անդամ Մարգարիտա Պավլովայի բողոքը, որը նա 2024 թվականին ուղարկել է դատախազություն։ Դիմումն ստանալուց հետո վերահսկող մարմինը նախաձեռնել է երգերի տեքստերի լեզվաբանական փորձաքննություն, որն իրականացրել են Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային մանկավարժական կրթության ակադեմիայի մասնագետները։

Բացի բուն երաժշտական կոմպոզիցիաներից, դատարանն արգելել է նաև դրանց տեքստերով 10 ինտերնետային էջ։ Այնուամենայնիվ, նյութի հրապարակման պահին բոլոր հինգ վիճահարույց երգերը հասանելի են եղել խոշորագույն սթրիմինգային ծառայություններում, այդ թվում՝ «Յանդեքս Երաժշտություն», Spotify և Apple Music, նշում է պարբերականը։