Ռուսաստանի բանկային համակարգից իրացվելիության արտահոսքը շարունակում է ուժեղանալ բջջային ինտերնետի անջատումների ժամանակահատվածներում ռուսների կողմից կանխիկ ռուբլու պահանջարկի ֆոնին։
Reuters-ը հղում անելով Ալֆա-բանկի վերլուծաբաններին՝ հաղորդում է, որ անցյալ շաբաթ կանխիկի խողովակով բանկերից հավելյալ 121 միլիարդ ռուբլի է «արտահոսել»։ Նրանց գնահատմամբ՝ կանխիկի օգտագործման աճը գերազանցում է սեզոնային արտահոսքի տեմպերը. հունիսի սկզբից համակարգից արդեն դուրս է եկել ավելի քան 500 միլիարդ ռուբլի։
Կենտրոնական բանկը այս միտումը կապում է բջջային ինտերնետի աշխատանքի խափանումների հետ։ «(Կանխիկի) պահանջարկը փոքր-ինչ բարձր է նախորդ տարիների ցուցանիշներից։ Շեղումը կարող է կապված լինել, ի թիվս այլ բաների, նաև բնակչության և բիզնեսի՝ կանխիկի պաշարներ ստեղծելու ձգտման հետ՝ վճարումների մոնիթորինգի վերաբերյալ օրենսդրական նորարարությունների, ինչպես նաև առանձին մարզերում ինտերնետի ժամանակավոր անջատման մասին նորությունների ֆոնին», - նշել է կարգավորողը դրամավարկային պայմանների վերջին ակնարկում։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ բանկային համակարգում իրացվելիության բաշխման անհավասարությունը մեծանում է և մի շարք բանկեր, որոնք բախվել են կանխիկի զգալի արտահոսքի հետ՝ սկսել են ավելի շատ վարկեր վերցնել ԿԲ-ից։
Վերջին մի քանի շաբաթվա ԿԲ-ի ռեպո աճուրդներն անցկացվել են զգալի գերպահանջարկով և առանցքային տոկոսադրույքից զգալիորեն բարձր տոկոսադրույքներով, սակայն այն բանկերը, որոնց իրացվելիություն չի բավարարել, վերջին շաբաթվա ընթացքում այդ կարիքը փակել են Կենտրոնական բանկի ավելի թանկ վարկերով՝ ոչ շուկայական ակտիվների գրավի դիմաց։ Մնացած բանկերը ժամանակաշրջանի վերջում ավելացրել են Ռուսաստանի Բանկում տեղաբաշխված ավանդների ծավալը։
Տարածաշրջանային պաշտոնյաներն իրենք են քաղաքացիներին խորհուրդ տալիս ավելի շատ կանխիկացնել՝ բջջային ինտերնետի խափանումների պատճառով, որոնք կապված են անվտանգության ապահովման հետ՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումների սպառնալիքների պատճառով։ Այսպես, Պրիմորիեի իշխանությունները, բջջային ինտերնետի անջատման ֆոնին, բնակիչներին խորհուրդ են տվել իրենց մոտ կանխիկ գումար ունենալ՝ տրանսպորտում և խանութներում վճարումներ կատարելու համար։
«Հարգելի սևաստոպոլցիներ, մենք բոլորս վաղուց արդեն սովոր ենք, որ օդային տագնապների և Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների սպառնալիքների ժամանակ անվտանգության նկատառումներից ելնելով քաղաքում լինում են բջջային ինտերնետի և կապի այլ տեսակների սահմանափակումներ… բջջային ինտերնետի սահմանափակման ժամանակահատվածները կարող են աճել… Ձեզ մոտ կանխիկի այնպիսի պաշար ունեցեք, որը բավարար կլինի հիմնական ծախսերի համար, քանի որ բանկային տերմինալները, բանկոմատները, ինչպես նաև սմարթֆոնների բանկային հավելվածները կարող են չաշխատել», - սոցցանցերում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Բանկային հատվածի իրացվելիության ավելցուկը օգոստոսի 13-ի դրությամբ ԿԲ-ն գնահատել է մոտ 1,3 տրիլիոն ռուբլի։
Կարգավորողը դեռևս ակնկալում է, որ բանկերը մեկ տարվա ընթացքում իրացվելիության կառուցվածքային ավելցուկից կանցնեն դեֆիցիտի և անցյալ շաբաթ նվազեցրել է 2025 թվականի վերջի դեֆիցիտի գնահատականը մինչև 1,1-1,9 տրիլիոն ռուբլի։




























