ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հարցրել են վաղը Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացվելիք հանդիպման և այն մասին, թե արդյոք նա պատրաստ կլինի Պուտինին հասանելիություն տրամադրել հազվագյուտ հանքանյութերին՝ խրախուսելու համար նրան՝ դադարեցնել Ուկրաինայում պատերազմը: «Կտեսնենք, թե ինչ կպատահի, մենք կարևոր հանդիպում ունենք: Ըստ իս, դա շատ կարևոր կլինի Ռուսաստանի համար, մեզ համար ևս շատ կարևոր կլինի, որ մենք շատ կյանքեր փրկենք»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը կրկնել է, որ հանդիպում է Պուտինի հետ՝ «շաբաթական հազարավոր զինվորների փրկելու համար»:

Վաղվա հանդիպման մասին խոսելով՝ նա նշել է. «Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»:

«Բայց ավելի կարևոր հանդիպումը կլինի մեր երկրորդ հանդիպումը, մենք հանդիպելու ենք նախագահ Պուտինի, նախագահ Զելենսկու, իմ մասնակցությամբ, և գուցե հրավիրենք որոշ եվրոպացի առաջնորդների, գուցե՝ ոչ»:

Թրամփը լրագրողներին ասել է՝ հավատում է, որ Պուտինը և Զելենսկին «խաղաղություն կհաստատեն»: