Դանիական ոստիկանությունը շաբաթ օրը հայտարարել է, որ արագընթաց գնացքը, որը բախվել է գյուղատնտեսական բեռնատարին և որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 27 մարդ՝ բախման պահին ընթացել է «համեմատաբար մեծ արագությամբ», հաղորդում է AFP-ն։

Դանիայի հարավ-արևմուտքում՝ Բյորնդրուպում, երկաթուղային վթարի հետևանքով ծանր վիրավորվել են գնացքի և բեռնատարի վարորդները:

Ոստիկանությունը հայտնել է, որ 60-ամյա մի կին մահացել է, իսկ 27 վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։

Կոպենհագենից դեպի արևմտյան Սոնդերբորգ քաղաք ուղևորվող գնացքը բախվել է բեռնատարի՝ չպահպանվող հատվածում գծերը հատելիս։

Իշխանությունները հայտարարել են, որ հետաքննությունը կպարզի, թե արդյոք անցման լույսերը և ազդանշանները այդ պահին աշխատել են, թեո ոչ։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ նմանատիպ վթար տեղի է ունեցել հուլիսին՝ ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա, երբ 24-ամյա վարորդը մահացել է և իր մեքենան մեկ այլ անցման ժամանակ բախվել է գնացքին։