«Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունն իրականացնողները ոչնչացրել են իրենց բջջային հեռախոսները և հանցագործությունը կատարելուց մեկ օր առաջ նորերն են գնել, ասվում է գործի նյութերում, որոնք առկա են РИА Новости-ի տրամադրության տակ։
«2024 թվականի մարտի 21-ին, կատարելով «Սայֆուլլո» կեղծանունով չպարզված անձի հանցավոր գործունեության առավելագույն գաղտնիության մասին ցուցումները, Ֆարիդունի Շ.-ն, Ռաչաբալիզոդա Ս.Մ.-ն, Միրզոև Դ.Բ.-ն և Ֆայզով Մ.3.-ն ոչնչացրել են իրենց տրամադրության տակ գտնվող բջջային հեռախոսները», - ասվում է նյութերում։
Հստակեցվում է, որ «Սայֆուլլոն» մեղադրյալներին հանձնարարել է ձեռք բերել նոր բջջային հեռախոսներ, ինչպես նաև կենցաղային դանակներ՝ ահաբեկչությունն իրականացնելիս դրանք որպես զենք օգտագործելու նպատակով։
Նույն օրը ահաբեկչության իրականացնողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Կրասնոգորսկի առևտրի կենտրոններից մեկից ձեռք է բերել չորս բջջային հեռախոս և դանակներ։
Մերձմոսկովյան Կրասնոգորսկի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին. հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվող մարդկանց վրա և հրկիզել դահլիճը։
Արդյունքում, ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի, զոհվել է 149 մարդ, 1-ը անհետ կորել է, ընդհանուր առմամբ մարմնական վնասվածքներ է ստացել 609 մարդ։ Պատճառված վնասը կազմել է շուրջ 6 միլիարդ ռուբլի։
Ամբաստանյալների աթոռին 19 մարդ է, նրանցից 13-ը մեղադրվում են անմիջականորեն ահաբեկչության մեջ, մնացածին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանն աջակցելու համար։ Մեղադրյալների դեմ ներկայացվել են նաև քաղաքացիական հայցեր՝ բարոյական և նյութական վնասի փոխհատուցման պահանջով՝ ընդհանուր 68 միլիոն ռուբլու չափով։
Քրեական գործն, ըստ էության, քննում է Երկրորդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը։