Հեռախոսային խաբեբաների հետ կես տարվա շփման ընթացքում թոշակառու կինը զրկվել է ավելի քան 1 մլն ռուբլուց և Մոսկվայում գտնվող չորս բնակարանից, հայտնում է Մոսկվայի դատախազությունը։

Ինչպես նշում է գերատեսչությունը, ամեն ինչ սկսվել է 78-ամյա կնոջը կեղծ տեղամասային տեսուչի զանգից։ «Ուժայինը» հայտնել է իր «նոր» հեռախոսահամարը և զգուշացրել, որ նրան կարող են զանգահարել խաբեբաներ։

Մոլորության մեջ հայտնված տուժողը հավատացել է, իսկ երբ նրան զանգահարել են կեղծ ուժայինի հանցակիցները և սկսել գումար պահանջել, անմիջապես կապվել է նրա հետ։

Կեղծ տեղամասային տեսուչը հանգստացրել է կնոջը, ասել, որ այժմ նրա բոլոր հեռախոսազրույցները «կգաղտնալսվեն», պետք է կատարել «հանցագործների» ցուցումները, և այդ ժամանակ նրանց կբռնեն։

Հեռախոսային խաբեբաների ցուցումով կինը տանից վերցրել է ունեցած 800 հազար ռուբլի խնայողությունները և դրել այն տան փոստարկղում, որի հասցեն նրան հայտնել էին խաբեբաները։

Նույն կերպ չարագործները թոշակառուից հափշտակել են ևս 300 հազար ռուբլի, որը նա նրանց ցուցումով հանել է հաշվեհամարից։

Դրանից հետո կնոջը հայտնել են, որ մի քանի «հանցագործների» արդեն բռնել են, և նրանք համագործակցում են քննության հետ, բայց մյուսներին բացահայտելու համար պետք է շարունակել «գործողությունը»։

Զանգահարողների ցուցումով կինը վաճառել է բնակարանները Սաննիկովի փողոցում և Չուկոտյան անցուղում, ինչպես նաև երկու բնակարան Բելոմորսկայա փողոցում։ Գործարքներից ստացված գումարները նա փոխանցել է խաբեբաների սուրհանդակներին։

Երբ «հեռախոսային իրավապահները» սկսել են համոզել կնոջը ռենտա ձևակերպել Մոսկվայի մարզում գտնվող իր բնակարանի վրա, նա հասկացել է, որ իրեն խաբել են։

Վնասը գերազանցում է 50 միլիոն ռուբլին։ Գործի բոլոր հանգամանքների պարզումը վերահսկում է Հյուսիս-արևելյան վարչական շրջանի դատախազությունը։