Կորեայի Հանրապետության նախագահի գրասենյակը հայտարարել է, որ պետության ղեկավար Լի Չժե Մյոնը ԿԺԴՀ-ի նկատմամբ հաշտեցման քաղաքականություն է վարում՝ երկու կողմերի շահերից ելնելով։ Դրա մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։

«Լի Չժե Մյոնի վարչակազմը նախաձեռնողական միջոցներ է ձեռնարկում Կորեական թերակղզում խաղաղություն ապահովելու համար՝ ոչ թե եսասիրական շահերից ելնելով, այլ Հարավի և Հյուսիսի կայունության և բարգավաճման համար,- հայտարարել են գրասենյակում։ -Կառավարությունն անցյալում կթողնի թշնամանքի և դիմակայության դարաշրջանը՝ Կորեական թերակղզում խաղաղ համակեցության և համատեղ բարգավաճման նոր դարաշրջանի համար»,- հավելել են Հարավային Կորեայի պետության ղեկավարի գրասենյակում։

Ավելի վաղ ԿԺԴՀ առաջնորդ քույրը՝ Կիմ Յո Չժոնգը հայտարարել է, որ Փհենյանի կարծիքով, Կորեայի Հանրապետության կուրսը միջկորեական հարաբերություններում մնում է դիմակայության մեջ՝ չնայած Սեուլում վարչակազմերի փոփոխությանը։ «Լի Չժե Մյոնն ի վիճակի չէ փոխել պատմության նման վեկտորը»,- նշել է Կիմ Յո Չժոնգը: Նա կարծում է նաև, որ Կորեայի Հանրապետության «հաշտեցման ժեստեր ցուցադրելու» նպատակն է «միջկորեական հարաբերությունների վերականգնման անհնարինության պատասխանատվությունը» տեղափոխել ԿԺԴՀ-ի վրա։

Նախագահ Լի Չժե Մյոնն ավելի վաղ հրամայել էր դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ սահմանին գտնվող բարձրախոսներից քարոզչական հեռարձակումները: Նա հայտարարել էր, որ իր կառավարությունը պատրաստ է հարգել ԿԺԴՀ-ում գործող սոցիալ-քաղաքական համակարգը, և որ հարավկորեական կողմը թշնամական մտադրություններ չունի, բայց միևնույն ժամանակ պնդել է միջուկային զենքից հրաժարվելու անհրաժեշտությունը: