Օկինավայի ափերի մոտ ամերիկյան USS New Orleans դեսանտային նավի վրա ավելի քան 12 ժամ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վիրավորվել են երկու նավաստիներ, հաղորդում է CNN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, ԱՄՆ ռազմածովային ուժերի USS New Orleans ռազմանավում, որը խարիսխ էր գցել Ճապոնիայի Օկինավա կղզու մոտ։
Խոսքը դեսանտային տրանսպորտային նավի մասին է, որը կարող է տեղափոխել ավելի քան 800 զինծառայող և հագեցած է ավելի քան 360 նավաստիներից բաղկացած անձնակազմով։
Ճապոնիայի առափնյա պահպանության տեղեկատվության համաձայն, որն օգնել է մարել կրակը, Հրդեհի ամբողջական վերացումն ավարտվել է հինգշաբթի առավոտյան ժամը 9:00-ից հետո և մանրամասները ճշտելու համար ներկայումս շարունակվում է հետաքննություն։
Երկու վիրավոր նավաստիները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են նավի բժշկական հաստատություններ։
Հրդեհը բռնկվել է, երբ USS New Orleans-ը խարիսխ է գցել Օկինավայի արևելյան ափին գտնվող Ուայթ-Բիչ ռազմածովային բազայի մոտ։ Այս բազան առանցքային կետ է ԱՄՆ ծովային հետևակայինների և նրանց սարքավորումները դեսանտային նավերի վրա տեղակայելուց առաջ հավաքելու համար։ Նավի երկարությունը կազմում է 684 ֆուտ, իսկ ջրատարողությունը՝ 24 000 տոննա։
Հրդեհի մարման աշխատանքներում USS New Orleans-ի անձնակազմին օգնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի մեկ այլ դեսանտային նավի՝ USS San Diego-ի նավաստիները, որը նույնպես խարիսխ էր գցել Ուայթ-Բիչի մոտ։
Բացի այդ, զգալի օգնություն են ցուցաբերել Ճապոնիայի ափային պահպանությունը, Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը և Օկինավայում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի այլ ստորաբաժանումներ։




























