Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով գիտաժողովի բացմանը: Այն կազմակերպել է «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, վարչապետը գոհունակություն է հայտնել նորաստեղծ կենտրոնի աշխատանքներից, որոնք, Տիգրան Սարգսյանի խոսքով, ծառայում են շատ կարեւոր խնդրի՝ ՀՀ-ում երիտասարդների շրջանակներում ձեւավորել հետազոտական աշխատանքները խթանող մթնոլորտ: «Կենտրոնը քննարկումների համար ընտրել է չափազանց կարեւոր եւ արդիական խնդիրներ, որոնք մեզ համար ունեն ոչ միայն տեսական, այլեւ կիրառական քաղաքական նշանակություն: Այդ խնդիրներն առնչվում են՝ Հայոց ցեղասպանությանը, ժամանակակից աշխարհում փակ սահմանների առկայությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, մասնավորապես, այն իրավական հարցերին, որոնք առնչվում են ինքնորոշման սկզբունքին: Ժամանակակից իրավունքը նորովի մոտեցումներ է դրսեւորում այս հարցերի շուրջ եւ շատ կարեւոր է, որպեսզի հետեւեք ժամանակակից իրավագիտության մեջ նոր հոսանքներին եւ դրանց շուրջ ծավալեք քննարկումներ եւ հետազոտություններ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նշելով, որ սերնդափոխությունը հետազոտությունների ոլորտում կարեւոր երեւույթ է՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ երիտասարդները կաշկանդված չեն հին մտածողությամբ եւ կարող են ժամանակակից իրադարձություններին նայել նորովի, երբեմն անսպասելի տեսանկյուններից եւ առաջ քաշել նոր հիպոթեզներ, որոնք հետագայում կարող են ապացուցվել եւ դառնալ կարեւորագույն տեսություններ:
Գիտաժողովի նպատակն է վեր հանել մեր երկրի համար արդիական արտաքին քաղաքական հիմնախնդիրները եւ դրանք վերլուծել իրավական տեսանկյունից:




























