Լեհ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Դավիդ Շյոստակը, նախկինում «Կոնֆեդերացիա» և «Ժողովրդական շարժում» կուսակցությունների ակտիվիստը, որոշել է հեռանալ քաղաքականությունից՝ հանուն հարաբերությունների։ Նա սիրահարվել է Միխալինա Մանիոսին՝ կնոջ, որը մանկության տարիներին տղա է եղել և հետագայում անցել է սեռի փոփոխության գործընթաց, գրում է RMF24-ը։

Նրանք սկզբում ծանոթացել են համացանցում։ Դավիդին դուր են եկել նրա լուսանկարները, իսկ երբ հանդիպել են Լեհաստանում, պարզվել է, որ ունեն շատ ընդհանրություններ։ Այդպես դարձել են զույգ։

Պատմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցներում, քանի որ Միխալինան հայտնի է․ նա մասնակցել է «Top Model» շոուին, ուսումնասիրել է հոգեբանություն և սեքսոլոգիա, ապրում է Շվեդիայի և Լեհաստանի միջև։

Շյոստակը նախկինում բացահայտ հայտարարել է, որ կաթոլիկ է, լեհ և ազգայնական, «Կոնֆեդերացիայի» ակտիվ անդամ։ Սակայն այժմ ընդգծում է, որ իր համար ամենակարևորը հավատն ու սերն են։

«Մենք երկուսս էլ հավատացյալ ենք, ես չեմ պատկերացնում կյանքը անհավատ մարդու հետ։ Եկեղեցական ամուսնության համար որևէ խոչընդոտ չկա՝ Միխալինան կին է։ Ես չեմ կարող պատկերացնել, որ կարող եմ նրան կորցնել», — ասել է նա։

Նա նաև բացատրել է, որ հեռացել է քաղաքականությունից, քանի որ «ցանկանում է կենտրոնանալ անձնական կյանքի վրա և ապացուցել, որ «Կոնֆեդերացիայի» մարդիկ կարող են լինել ոչ միայն կոշտ, այլ նաև բաց, սիրող և հարգող»։