Այս հանգստյան օրերին Նիդերլանդների հարավային Տիլբուրգ քաղաքում գույներն ավելի շատ էին, քան սովորաբար․ հազարավոր կարմրահեր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվել էին ամենամյա փառատոնին, որը նվիրված է նրանց բոսորագույն մազերին, հայտնում է Associated Press-ը։
Redhead Days փառատոնը ներառում է երաժշտական միջոցառումներ, սննդի տաղավարներ և վարպետության դասեր, որոնք ուղղված են կարմրահերների հատուկ կարիքներին՝ դիմահարդարման խորհուրդներից մինչև մաշկի քաղցկեղի կանխարգելում։
Փառատոնին մասնակցությունն անվճար է և բաց բոլորի համար՝ բացառությամբ կիրակնօրյա խմբակային լուսանկարման։ Այդ միջոցառումը նախատեսված է միայն «բնական» կարմրահերների համար։
2013 թվականին սահմանվել է Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ որպես «բնական կարմրահեր մարդկանց ամենամեծ հավաք»․ 1672 մարդ մասնակցել է խմբակային լուսանկարմանը։
Ավանդույթը սկիզբ է առել երկու տասնամյակ առաջ, երբ հոլանդացի նկարիչ Բարտ Ռուվենհորստը տեղական թերթում հայտարարություն է հրապարակել՝ արվեստի նախագծի համար փնտրելով 15 կարմրահեր մոդել։
Նա ստացել է սպասվածից տասն անգամ ավելի արձագանքներ և կազմել է խումբ՝ լուսանկարահանման համար։ Նախագիծը գրավել է մեծ ուշադրություն, և Ռուվենհորստը հաջորդ տարի կազմակերպել է նմանատիպ հանդիպում՝ շարունակելով ղեկավարել փառատոնը, որը վերածվել է բազմօրյա միջոցառման։





























