AFP-ն, վկայակոչելով մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության տվյալները, հաղորդում է, որ առնվազն 20 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայում օրենսդիրների համար նախատեսված շռայլ արտոնությունների դեմ բողոքի կատաղի ցույցերի ժամանակ, որոնք հետագայում վերածվել են ոստիկանության դեմ ուղղված զայրույթի։
Անցած շաբաթ Հարավարևելյան Ասիայի ամենամեծ տնտեսությունը ցնցած բողոքի ցույցերի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել։ Ցույցերը սրվել են այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանական ռազմականացված ստորաբաժանման կողմից սպանվում երիտասարդ առաքիչ։
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ հաղորդում է ստացվել 23 անհետ կորած անձի մասին: Որոնումներից և ստուգումից հետո 20 անհետ կորած անձինք դեռևս անհետ կորած են համարվում», - ասվում է Անհետ կորած անձանց և բռնության զոհերի հարցերով հանձնաժողովի (KontraS) հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հայտնել է, որ 20 մարդ անհետ կորել է Ճավա կղզու Բանդունգ և Դեպոկ քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքը կազմող Կենտրոնական, Արևելյան և Հյուսիսային Ջակարտա նահանգային կենտրոններում։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպերից մեկը տեղի է ունեցել անհայտ վայրում։ Երկուշաբթի օրը մայրաքաղաքի ոստիկանության գլխավոր տեսուչ Ասեփ Էդի Սուհերին լրագրողներին հայտնել է, որ օգոստոսի 25-ին սկսված Ջակարտայում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 1240 մարդու, հաղորդում է «Antara» պետական լրատվական գործակալությունը։
Անկարգությունները բռնկվել են երկրի քաղաքներում՝ ստիպելով նախագահ Պրաբովո Սուբիանտոյին հրաժարվել օրենսդիրների արտոնություններից: Սրանք ամենամասշտաբային բողոքի ցույցերն են եղել այն բանից հետո, երբ նախկին գեներալը իշխանության է եկել անցյալ տարի:
Երեքշաբթի օրը Ջակարտայում խորհրդարանի շենքի մոտ նոր բողոքի ցույցեր են սպասվել՝ կանանց խմբերի կոալիցիայի կողմից, որոնք մեկ օր առաջ չեղյալ են հայտարարել իրենց բողոքի ակցիան:
Միավորված ազգերի կազմակերպությունը երկուշաբթի օրը կոչ է արել հետաքննություն սկսել բողոքի ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի ենթադրյալ կիրառման վերաբերյալ։
«Մենք ուշադիր հետևում ենք Ինդոնեզիայում բռնության աճին՝ խորհրդարանական արտոնությունների, խիստ խնայողության միջոցների և անվտանգության ուժերի կողմից չարդարացված կամ անհամաչափ ուժի ենթադրյալ կիրառման դեմ համազգային բողոքների համատեքստում»,-հայտարարել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին:





























