Արմավիրի մարզի Էջմիածին խոշորացված համայնքի Ամբերդ գյուղը կրկին ոռոգման ջուր չունի։

NEWS.am–ի խմբագրություն ահազանգած ամբերդցիները պատմել են, որ NEWS.am–ի նախորդ հրապարակումից հետո երկու օր ջուր են տվել, որից հետո նորից կտրել։

«Ձեր նկարահանումից հետո հաջորդ օրն առավոտ ջուրը տվեցին, այնքան ուժեղ էր ջուրը, որ բոլորս հասցրինք ջրել մեր հողամասերը։ Իսկ հիմա կտրել են նորից, չենք հասկանում՝ պատճառը որն է։ Մենք պահանջում ենք, որ ոլորտի պատասխանատու նախարարները՝ Էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, զբաղվեն մեր խնդրով, հանդիպում ենք պահանջում, որ ներկայացնենք մեր խնդիրը։ Եթե այսպես շարունակվեց, կտրուկ քայլերի ենք դիմելու»,– ասացին բնակիչները։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ամբերդի բնակիչներն արդեն մի քանի շաբաթ է՝ ոռոգման ջուր չունեն։