Հնագետները Սիցիլիայի ափերի մոտ գտնվող ջրերում մակերես են դուրս բերել Մոնտեֆորտինո ոճի հռոմեական սաղավարտ, որը զարմանալիորեն լավ է պահպանվել, հաղորդում է Live Science-ը։
Այն հայտնաբերվել է Էգադյան կղզիների մոտ, ծովային լեգենդար ճակատամարտի վայրում, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 241 թվականին՝ ավարտելով Առաջին Պունիկյան պատերազմը և ամրապնդելով Հռոմի իշխանությունը Սիցիլիայի վրա։ Գտածոն ապշեցնում է իր պահպանվածությամբ. բրոնզե սաղավարտը պահպանել է ոչ միայն փետրաշարի ամրացման բնորոշ կոճակը, այլև հազվագյուտ շարժական այտամասերը, որոնք սովորաբար անհետանում են ծովային միջավայրում։
Մասնագետների կարծիքով՝ այս սաղավարտը պատկանել է հռոմեական այն զինվորներից մեկին, որը զոհվել է Էգադյան կղզիների ճակատամարտում։ Այդ ժամանակ հռոմեացիներին հաջողվել է ջախջախել Կարթագենի նավատորմը, ինչը սկիզբ է դրել մեծ տերություն Կարթագենի անկմանը։
«Մոնտեֆորտինո» տիպի սաղավարտը, որը հռոմեացիները փոխառել էին կելտերից, լայնորեն օգտագործվել է մ.թ.ա. IV դարից մինչև մ.թ. I դարը։ Այն հեշտ է ճանաչել իր ցածր, դուրս ցցված գագաթով և վերին կոճակով։ Նմանատիպ գտածոները հնագետներին հնարավորություն են տալիս ոչ միայն պատկերացնել, թե ինչ տեսք ունեին հռոմեացի զինվորները մեծ ընդլայնման նախաշեմին, այլև վերականգնել հնագույն աշխարհի կարևորագույն ճակատամարտերից մեկի մարտական գործողությունների մանրամասները։
Բացի այս սաղավարտից, ստորջրյա հետազոտությունները հայտնաբերել են ևս մոտ երեսուն մետաղական առարկա՝ սրեր, նիզակներ և նետերի ծայրեր, որոնք ուսումնասիրվել են համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) միջոցով։ Նույն ջրերում նախկինում արդեն հայտնաբերվել էին ամֆորաներ, մարտական նավերի բրոնզե խոյեր և նույն տիպի մի քանի սաղավարտներ, ինչը վկայում է ճակատամարտի մասշտաբների մասին։
Սիցիլիայի ափերի մոտ ծովի հատակում հայտնաբերված յուրաքանչյուր նոր հայտնագործություն լրացնում է այն պատկերը, թե ինչպես է Հռոմը գերիշխանություն ձեռք բերել Միջերկրական ծովում՝ արյունալի ծովային մարտերը դարձնելով իր կայսրության հիմքը։




























