Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին թուրք նախարարներից առաջինը արձագանքել է Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, ով այդ պահին եղել է ուղիղ եթերով հեռարձակվող մի հաղորդման հյուր:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` թուրք նախարարը` լսելով օրինագծի ընդունման մասին` ասել է. «Դա հակաիրավական որոշում էր եւ անարգանք Թուրքիայի հանդեպ»:
Նշենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:



























