Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Անկարային կոչ է արել հանդարտվել եւ շատ հեռուն չգնալ այն բանից հետո, երբ Սենատն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում`  Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու օրինագիծը:

Ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի հետ զրույցում Ժյուպեն, որը չէր աջակցում օրինագծին, նոր օրենքն անվանել էր անժամանակ` Թուրքիային կոչ անելով  չչափազանցնել դեպքերը, հաղորդում  է Reuters-ը:

ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիային եւ Թուրքիային լավ հարաբերություններ են պետք, եւ նրանք պետք է անցնեն այս փուլի միջով:

«Մենք շատ կարեւոր տնտեսական եւ առեւտրային կապեր ունենք: Կարծում եմ, որ իրականում իրավիճակը զգացմունքներով չի ղեկավարվի», -հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ութժամյա քննարկումից հետո Ֆրանսիայի Սենատը 127«կողմ» եւ 86 «դեմ»  ձայներով ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը քրեական պատիժ է նախատեսում ցեղասպանությունների` Հոլոքոստի եւ Ցեղասպանության հերքման համար:

Ավելի վաղ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից: