Երեւանում հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանում անչափահաս բանտարկյալների կրթության խնդիրների հետազոտման արդյունքների շնորհանդեսը: Հետազոտությունը կատարվել է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ինչպես ազգային օրենսդրությունն, այնպես էլ այլ երկրների փորձն այս ոլորտոմ, մանրամասն ծանոթացել են մեր երկրում գոյություն ունեցող պրակտիկային, ներկայացրել են իրենց եզրահանգումներն ու առաջարկությունները: Հետազոտության հեղինակներն առաջարկում են փոփոխություն մտցնել կառավարության որոշման մեջ, ավելացնել «սոցիալական վերականգնում» ձեւակերպումը եւ կրթության շարունակումն ամրագրել որպես հենց դրան ուղղված գործողություն: Առաջարկվում է նաեւ կրթության նախարարության հետ համատեղ հարաբերություններ հաստատել երկրում գործող կրթական հաստատությունների հետ: Բացի դրանից, կրթական որակն ապահովելու համար առաջարկվում է փորձի փոխանակություն կոնկրետ երկրների հետ, որոնց հաջողվել է հենց այս բնագավառում հաջողության հասնել: Ըստ հետազոտության հեղինակների` պետք է ընդլայնվեն շրջանակները, պետք է համացանցից նաեւ օգտվեն, դա ավելի կհեշտացնի աշխատանքը: Պետք է մշակել նաեւ անչափահաս բանտարկյալներին վերաբերող օրենքի նախագիծ, ինչպես նաեւ` երաշխիք հասարակության մեր նրանց կրկին ներգրավելու համար: Այս առումով կրթությունը եւ մասնագիտական ուսումը պետք է դիտարկվեն որպես ուղղվելու միջոց:
Ինչպես շնորհանդեսին նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, անչափահաս բանտարկյալների կրթությունը շատ կարեւոր է հետագայում հասարակության մեջ նրանց վերաինտեգրման համար: «Շատ կարեւոր է անչափահաս բանտարկյալներին կրթելը, որպեսզի ազատվելուց հետո նրանք կարողանան իրենք վաստակել իրենց հացը», - նշել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը:




























