Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Չինաստանը և Կատարը գլխավորում են արևմտյան լրատվամիջոցների արշավը՝ Իսրայելը «մեկուսացնելու» համար՝ խաթարելով նրա դաշնակիցների աջակցությունը, գրում է Times of Israel-ը։
«Իսրայելը մեկուսացնելու՝ ոչ այնքան մեկուսացնելու, որքան պաշարելու փորձը կազմակերպում են նույն ուժերը, որոնք աջակցել են Իրանին»,- նշել է նա։
Իսրայելի վարչապետը շեշտել է, որ Իրանը փորձում է «ռազմական պաշարում» սահմանել Իսրայելի նկատմամբ, և Իսրայելը «կարողացել է դուրս գալ այդ պաշարումից», և « ստիպված կլինի մի քանի քայլեր ձեռնարկել մի քանի պետությունների կազմակերպած պաշարումից դուրս գալու համար»։
Նեթանյահուն թվարկել է այդ պետությունները. «Մեկը Չինաստանն է։ Իսկ մյուսը՝ Կատարը։ Նրանք կազմակերպում են հարձակում Իսրայելի վրա… արևմտյան աշխարհի և Միացյալ Նահանգների սոցիալական ցանցերի[միջոցով]։ Մենք ստիպված կլինենք դիմադրել դրան, և կդիմադրենք մեր սեփական մեթոդներով»,- հայտարարել է նա։
«Ներկայում տարբեր կազմակերպություններ և երկրներ, Կատարի գլխավորությամբ, փորձեր են անում շրջափակել Իսրայելը։ Նախևառաջ, սա լրատվամիջոցների շրջափակում է, որը ֆինանսավորվում է հսկայական գումարներով՝ ինչպես Կատարից, այնպես էլ այլ երկրներից, ինչպիսին է Չինաստանը,- հավելել է Նեթանյահուն:-Առաջիկա տարիներին մենք պետք է ամրապնդենք մեր անկախ ռազմական արդյունաբերությունը՝ զենքի արտադրության, զենքի տնտեսության և դրանք արտադրելու արդյունաբերական կարողությունների անկախություն ձեռք բերելու համար»։





























